Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ո՞վ է ներկրել սպիտակ համարանիշերը»

«Ո՞վ է ներկրել սպիտակ համարանիշերը»
20.03.2013 | 16:13

Տաքսու վարորդները տարակուսում են. «Ինչո՞ւ պարտադրեցին դեղին համարները, որ հետո էլ հանել տան էլի պարտադրանքով»։ Առաջիկայում կառավարությանն է ներկայացվելու նոր նախագիծ, որով նախատեսվում է հեշտացնել տաքսու վարորդների գործը։

Մասնավորապես ենթադրվում է, որ դեղին համարանիշերը կրկին կփոխվեն սպիտակներով։ Ավելին, ըստ նախագծի, փոքրանալու է նաև տաքսու վարորդների տարվա վճարի չափը` գործող 140 հազար դրամի փոխարեն վճարելու են 117 հազար դրամ։ Նախագիծը չի պարտադրում նաև հավելյալ փաստաթղթեր, որոնց համար տաքսու վարորդներն այժմ ստիպված են կոշիկ կամ էլ, ավելի ճիշտ է ասել` անվադող մաշել պատկան մարմիններ գնալ-գալով։ Պարտադիր չի դառնում նաև բժշկական ամենօրյա ստուգումը։ Ըստ տրանսպորտի և կապի նախարարության, սպիտակ համարանիշերը նաև մրցակցության խնդիր չեն ստեղծի մասնավոր և տաքսի ծառայությունների միջև, քանի որ դրանք վերաբերում են երկուսին էլ։
Ի դեպ, նկատենք, որ մրցակցության առնչությամբ ժողովուրդն այլ կարծիքի է. «Դեղին համարանիշով տաքսիների դեպքում հստակ գիտեինք, որ գրանցված ավտոմեքենա է և խելքից դուրս գումարներ չի պահանջի, այլ աշխատում է հաշվիչով։ Իսկ սպիտակների դեպքում ամեն ինչ էլի իրար կխառնվի»։ Այլ կերպ ասած, բնակչությունը մտահոգված է իր գրպանի համար, ինչը բնական է։
Չնայած առաջին հայացքից նշված նախագծով դրական փոփոխությունները շատ են, այնուհանդերձ, տաքսիստները դժգոհ են։ Ինչո՞ւ, փորձեցինք հասկանալ խնդիրը` զրուցելով նրանց հետ։ «Մի քանի տարի առաջ դեղին համարանիշերի դեմ մեր բողոքի համար մեզ քիչ էր մնում ազգի դավաճան հանեն։ Կառավարությունը մեզ համոզում էր, որ դեղին համարանիշը մեր շահերից է բխում։ Հիմա էլ պարզել են, որ դա էնքան էլ մեր շահերից չէ, ու տեսեք, տեսեք, սկսեցին մեր մասին մտածել։ Ո՞վ գիտի` հիմա էլ ով է սպիտակ համարանիշի բիզնես դրել` ներմուծել ու դրա համար էլ դեղինը որոշել են փոխել սպիտակով։ Ինչ ասենք` մալադեց իրանց. մենք քրտնաջան աշխատենք, ինչ-որ մի քանիսի գրպանը լցվի»։ Իրականում այս մարդկանց վրդովմունքը, կարծում ենք, կարելի է հասկանալ։ Դեղին համարանիշերի ներդրման գործընթացը շատ ծանր և ցավոտ անցավ, հատկապես, եթե նկատենք, որ դրան զուգահեռ պահանջվեց գործածությունից դուրս հանել տասը տարեկանից բարձր ավտոմեքենաները` արգելվեց դրանց շահագործումը որպես տաքսի։ Սա լուրջ խնդիր առաջացրեց։ Արդյունքում շատ մարդիկ մնացին անգործ կամ էլ ովքեր ռիսկով էին, ընկան վարկի բեռի տակ, և մինչև հիմա էլ շատերը չեն կարողանում դուրս գալ այդ լծի տակից։
Սակայն ասում են` սխալի կեսից հետ դառնալը նույնպես հաջողություն է և քաջություն է պահանջում։ Այս առումով, եթե կառավարությունը որոշել է իր սխալն ուղղել, ապա դա վատ չէ։ Բայց կա մեկ այլ խնդիր` տաքսու վարորդները չեն վստահում ո՛չ պատկան կառույցներին, և ո՛չ էլ կառավարության անշահախնդրությանը։ Իսկ անվստահությունն արդեն լուրջ հիվանդություն է իր բոլոր ծանր հետևանքներով։ Նկատենք, որ տաքսիստների խոսքում գլխավոր հարցադրումն այն էր, թե ով է հիմա էլ սպիտակ համարանիշի բիզնես դրել։ Վերջիններիս տառապանքը փորձ ունի, չմոռանանք, որ շատ հաճախ մեզանում ներդրվում են օրենքներ այս կամ այն անհատի, բայց` «կարևոր» անհատի, պահանջները բավարարելու համար։ Այս ավանդույթը ներդրվեց 90-ականներին Վանո Սիրադեղյանի թեթև ձեռքով։ Այն ժամանակ պարտադրվեց կարմիր կրակմարիչների առկայությունը ավտոմեքենաներում։
Դեղին համարանիշերը սպիտակներով փոխելու օրինագծից գործնականում որքա՞ն կշահեն տաքսու վարորդները, ժամանակը ցույց կտա, սակայն, այս պահին պարզ է մի բան. տաքսու վարորդների տարակուսանքն անհիմն չէ։ Ի՞նչ է ստացվում. նրանք մի քանի տարի է, ինչ պարտադրված վճարում են 140 հազար դրամ, բայց այսօր պարզվում է, որ կառավարությունը սխալվել է իր հաշվարկներում և կարելի էր վճարել 117 հազար դրամ։ Հարց է առաջանում` ո՞վ է փոխհատուցելու տաքսիստներին հասցված վնասը, և ինչո՞ւ հնարավոր չէ նույն դեղին համարանիշերը թողնելով նվազեցնել վճարի չափը և կրճատել թղթաբանությունը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2294

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ